Ինկասո

Նկարագրություն

 Որ դեպքերում կիրառել ինկասոն

 Դուք հանդիսանում եք վաճառող (արտահանող) և

  • պատրաստ եք առաքել ապրանքը նախքան գնորդի (ներմուծողի) կողմից գումարի վճարումը,
  • վստահ եք, որ գնորդը կկատարի առաքված ապրանքի դիմաց վճարում համաձայն նախնական պայմանավորվածության,
  • սակայն, այնուհանդերձ, ցանկանում եք վերահսկել ապրանքի դիմաց վճարման կատարումը, նվազեցնել հնարավոր ռիսկերը և զերծ մնալ գնորդի կողմից գումարի չվճարման կամ ժամանակին չվճարման հետ կապված բարդություններից:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է կիրառել ինկասո

Ինկասոն վաճառողի (արտահանողի) հանձնարարությունն է բանկին` իր հաշվին գնորդին (ներմուծողին) փոխանցել փաստաթղթերը` վճարի և/կամ վճարի ակցեպտի դիմաց:

Ընդ որում, բանկը վճարման որևէ պարտավորություն չի ստանձնում, այլ կատարում է գործակալի/փաստաթղթերը փոխանցողի դեր:

 

Տեսակներ

Արտահանման ինկասո

Դուք ապրանքները առաքում եք գնորդին, իսկ առաքման փաստաթղթերը ներկայացնում եք Բանկ` գնորդից ապրանքների դիմաց վճարումը գանձելու համապատասխան հրահանգներով: Առաքման փաս-տաթղթերը կարող են հանձնվել գնորդին կամ ամբողջական վճարման դիմաց կամ վերջինիս գրավոր հե-տաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ընդունման (ակցեպտի) դիմաց:

 

Ներմուծման ինկասո

Արտահանողը Ձեզ է առաքում ապրանքը և հանձնարարում իր բանկին ուղարկել առաքման փաստաթղթերը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ` վճարումը գանձելու համապատասխան հրահանգներով: Առաքման փաստաթղթերը կարող են հանձնվել Ձեզ կամ ամբողջական վճարման դիմաց, կամ Ձեր կողմից գրավոր հետաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ակցեպտի դիմաց: Նախապես համաձայնեցված պայմաններով Բանկը կարող է երաշխավորել Ձեր կողմից ակցեպտավորված մուրհակի վճարումը ավալի միջոցով:

 

Ինկասոյի վճարման ձևերն են

Գոյություն ունի փաստաթղթային ինկասոյի վճարման երկու ձև, որոնք սովորաբար սահմանվում են առևտրային պայմանագրի վճարման պայմաններով:

  • փաստաթղթեր վճարման դիմաց (D/P)` Բանկը ինկասոյի շրջանակներում էմիտենտ բանկից ստացված փաստաթղթերը հանձնում է պարտապանին վճարի դիմաց: Ինկասոյի այս ձևի համաձայն վաճառողի բանկը լիազորում է գնորդի բանկին տրամադրել ապրանքի սեփականությունը հավաստող փաստաթղթերը միայն գնորդի կողմից այդ ապրանքի դիմաց վճարումն իրականացնելուց հետո,
  • փաստաթղթեր ակցեպտավորման դիմաց (D/A)` Բանկը ինկասոյի շրջանակներում է միտենտ բանկից ստացված փաստաթղթերը հանձնում է պարտապանին վերջինիս կողմից մուրհակի ակցեպտավորման դիմաց: Ինկասոյի այս ձևը կիրառվում է, երբ գնորդի և վաճառողի միջև առկա է պայմանավորվածություն վճարման հետաձգման վերաբերյալ: Գնորդը գրավոր պարտավորության դիմաց ստանում է ապրանքի սեփականությունը հավաստիացնող փաստաթղթերը` հետագայում այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելու պայմանով:

 

Առավելություններ

 

Արտահանման ինկասոյի առավելությունները

  •   վճարումները ստանալու առավել ապահով տարբերակ է, մասնավորապես, ծովային փոխադրումների ժամանակ, երբ բնօրինակ նավաբեռնագրերը չեն հանձնվում գնորդին մինչև վերջինիս կողմից գումարի վճարումը կամ մուրհակի ակցեպտը,
  •   հնարավոր է պահանջել գնորդի բանկի ակցեպտավորված մուրհակի վճարման երաշխիք,
  •   հաճախ կիրառվում է որպես ակրեդիտիվին այլընտրանք, երբ գնորդի և մատակարարի միջև հարաբերությունները հիմնված են բավարար փոխադարձ վստահության վրա:

 

Ներմուծման ինկասոյի առավելությունները

  •   Դուք կարող եք ապրանքների դիմաց վճարումը կամ ակցեպտը կատարել առաքման փաստաթղթերին ծանոթանալուց հետո,
  •   գործարքի բարդության աստիճանը և փաստաթղթավորումը նվազեցված է, ինչը հաճախ արդյունք է դառնում համեմատաբար ցածր բանկային սակագների,
  •   համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում Բանկը պատրաստ է ֆինանսավորել Ձեր գործարքները,

 

Տրամադրման պայմաններ

 

Բանկն ընդունում է կատարման և սպասարկման Բանկի հաճախորդ, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող Հաճախորդի ինկասո հանձնարարությունը, ինչպես նաև այլ բանկ(եր)ի կողմից Բանկի հաճախորդ, ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող Հաճախորդի անունով ստացված ինկասո հանձնարարագիրը.

Բանկն իրականացնում է ինկասո հաշվարկներ ՀՀ դրամով և արտարժույթով` կախված գործարքի արժույթից:

 

Հաճախակի տրվող հարցեր

 

Որ դեպքում է ավելի նպատակահարմար օգտագործել ինկասոն, այլ ոչ թե փաստաթղթային ակրեդիտիվը:

 - Փաստաթղթային ակրեդիտիվը նպատակահարմար է կիրառել այն դեպքում, երբ գնորդը և վաճառողը չեն ճանաչում միմյանց և վաճառողը վստահ չէ գնորդի վճարունակության վրա, իսկ գնորդն իր հերթին վստահ չէ որ վաճառողը կառաքի ապրանքը: Ինկասոյի դեպքում գնորդն ու վաճառողը ճանաչում են միմյանց և վաճառողը վստահ է, որը գնորդը կվճարի ուղարկված փաստաթղթերի դիմաց:

 Հնարավոր է ինկասո գործարքի իրականացման դեպքում ստանալ ֆինանսավորում:

 - Ինկասո գործարքի իրականացման ընթացքում հնարավոր է ստանալ ֆինանսավորում մուրհակի զեղչման միջոցով: Զեղչելով հետաձգված վճարման պայմանով մուրհակը` Բանկը վճարում է հաճախորդին/գնորդին մուրհակի անվանական արժեքը` նվազեցված համապատասխան զեղչատոկոսի չափով:

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցերը