Փաստաթղթային ակրեդիտիվ

Նկարագրություն

Որ դեպքերում կիրառել փաստաթղթային ակրեդիտիվը

Դուք զբաղվում եք միջազգային առևտրով, որտեղ առկա են մի շարք խնդիրներ

  •  առևտրային գործարքի կողմերի միջև փոխադարձ վստահության բացակայություն,
  •  բազմաթիվ ռիսկեր թե գնորդի (ներմուծողի), թե վաճառողի (արտահանողի) համար,
  •  գործարքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն:

 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, հանդիսանալով ֆրանսիական CREDIT AGRICOLE բանկային խմբի գործընկերը, առաջարկում է կիրառել փաստաթղթային ակրեդիտիվը, որը կօգնի Ձեզ հաղթահարել միջազգային առևտրում առկա դժվարությունները` նվազագույնի հասցնելով Ձեր ռիսկերը:

Փաստաթղթային ակրեդիտիվն իրենից ներկայացնում է բանկի գրավոր պարտավորությունը, որը թողարկվում է գնորդի (ներմուծողի) հանձնարարությամբ հօգուտ վաճառողի (արտահանողի), վերջինիս վճարելու դրամական գումար` ակրեդիտիվով սահմանված պայմաններին համապատասխան փաստաթղթերի ներկայացման դիմաց:

Առավելություններ

Ակրեդիտիվի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար

  •  վաճառողն ապրանքն առաքում է նախքան գնորդի կողմից գումարի վճարումը,
  •  վճարումն իրականացվում է վաճառողի կողմից ապրանքն առաքելուց և ապրանքառաքման փաս-տաթղթերը ներկայացնելուց հետո, ինչը նվազագույնի է հասցնում գնորդի ռիսկերը,
  • վաճառողի կողմից նախապես հաստատված ապրանքառաքման պայմաններից որևէ մեկի խախտումը կարող է հանգեցնել առաքված ապրանքի դիմաց գումարի չվճարման,
  •  ակրեդիտիվի դեպքում վաճառողը հենվում է բանկի վճարունակության վրա և վստահ է, որ ակրեդիտիվով սահմանված բոլոր պայմանները կատարելուց հետո կստանա վճարումը: Ուստի, չունենալով ապրանքի դիմաց չվճարման ռիսկ` վաճառողը կարող է առաքել ապրանքը վճարման հետաձգման պայմանով (օր. տրանսպորտային բեռնագրի տրման օրվանից հաշվված 90 օր հետո),
  • ակրեդիտիվի գումարի վճարման համար բավարար ֆինանսական միջոցների բացակայության դեպքում Բանկը կարող է միաժամանակ ֆինանսավորել Ձեր առևտրային գործարքները,
  • Դուք կարող եք վստահ լինել, որ վաճառողը չի ստանա համապատասխան վճարումը, եթե խախտի ապրանքի առաքման նախապես սահմանված վերջնաժամկետը և ապրանքը չառաքի Ձեր սահմանած ժամկետում:

Ակրեդիտիվի առավելությունները արտահանողի (վաճառողի) համար

  •  վաճառողը (արտահանողը) վստահ է, որ կստանա առաքված ապրանքի դիմաց վճարումը, քանի որ ակրեդիտիվի դեպքում վաճառողի հանդեպ վճարման պարտավորությունը գնորդից (ներմուծողից) անցնում է Բանկին,
  •  արտահանման ակրեդիտիվի շնորհիվ վաճառողը կարող է իր գործընկերներին առաջարկել հետաձգված վճարման պայման, ինչը կնպաստի իրացման ծավալների աճին, նոր շուկաներ մուտք գործելուն: Ընդ որում, ապրանքի դիմաց վճարումը կարող է ստանալ ավելի շուտ` արտահանման ակրեդիտիվով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դիմաց,
  •  շնորհիվ վճարման ապահով եղանակի` վաճառողը հնարավորություն է ստանում միջազգային շուկայում հանդես գալ առավել մրցունակ պայմաններով,
  •  վաճառողը ստանում է առաքված ապրանքի դիմաց վճարումը մինչև ապրանքը գնորդին հասնելը,
  •  գնորդը չի կարող միակողմանիորեն չեղյալ հայտարարել առևտրային գործարքը կամ փոփոխել որևէ պայման` առանց վաճառողի նախնական համաձայնության:

 

Տեսակներ

Բանկը կարող է թողարկել ակրեդիտիվի հետևյալ տեսակները

  • Ներմուծման ակրեդիտիվ - Բանկը թողարկում է ակրեդիտիվ գնորդի (ներմուծողի) հանձնարարությամբ: Ներմուծման ակրեդիտիվը հանդիսանում է միջազգային առևտրային գործարքների իրականացման ամենատարածված գործիքներից մեկը և լայն կիրառություն ունի բանկային համակարգում,
  • Արտահանման ակրեդիտիվ - Բանկը ստանում է այլ բանկի կողմից հօգուտ վաճառողի (արտահանողի) թողարկված ակրեդիտիվ: Արտահանման ակրեդիտիվի դեպքում Բանկը կարող է տրամադրել արտահանման կարճաժամկետ վարկեր ապրանքների փաթեթավորման կամ արտադրության այլ գործընթացների ֆինանսավորման նպատակով,
  •  Հաստատված ակրեդիտիվ - բենեֆիցիարի պահանջով ակրեդիտիվը կարող է հաստատվել իր կողմից ընդունելի այլ առաջնակարգ բանկի կողմից: Ընդ որում, ակրեդիտիվի հաստատումն իրենից ներկայացնում է ակրեդիտիվի կատարման հաստատող բանկի ինքնուրույն և լրացուցիչ պարտավորությունը,
  •  Չհաստատված ակրեդիտիվ - Բանկը թողարկում է ակրեդիտիվը` այն ուղարկելով ուղղակիորեն ծանուցող բանկին և խնդրելով վերջինիս ծանուցել ակրեդիտիվը բենեֆիցիարին` առանց լրացուցիչ պարտավորությունների ստանձման,
  •  Վերականգնվող ակրեդիտիվ - օգտագործվում է պարբերաբար կրկնվող մատակարարումների դեպքում, որոնք սովորաբար իրականացվում են պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն: Այն նա-խատեսում է ակրեդիտիվի սկզբնական գումարի (քվոտայի) ավտոմատ վերականգնում յուրաքանչյուր օգտագործումից հետո` մինչև սահմանված առավելագույն գումարը,
  •  Փոխանցելի ակրեդիտիվ - ենթադրում է ակրեդիտիվի ամբողջական կամ մասնակի օգտագործման հնարավորություն մեկ կամ մի քանի անձանց կողմից: Այն բենեֆիցիարին թույլ է տալիս ակրեդիտիվի իր իրավունքները կամ նրա մի մասը փոխանցել այլ բենեֆիցիարների: Ակրեդիտիվի այս տեսակի օգտագործումը հնարավոր է այն դեպքում, երբ բենեֆիցիարը չի հանդիսանում ապրանքի հիմնական մա-տակարարը, այլ հանդես է գալիս որպես միջնորդ օղակ գնորդի և հիմնական մատակարարի միջև,
  • Պահուստային ակրեդիտիվ - հանդիսանում է ակրեդիտիվի առանձնահատուկ ձև և իր էությամբ ավելի մոտ է բանկային երաշխիքին: Այն նպատակահարմար է օգտագործել որպես արտահանողի օգտին կատարվելիք վճարումների լրացուցիչ ապահովում,
  •  Հանդիպակաց ակրեդիտիվ - արտահանողը հանդես է գալիս որպես միջնորդ օղակ հիմնական մատակարարի ու վերջնական գնորդի միջև և կարող է վերազիջել իր օգտին թողարկված ակրեդիտիվով սահմանված իրավունքներն այլ բենեֆիցիարի:

Տրամադրման պայմաններ

Բանկի կողմից ակրեդիտիվի թողարկման հիմնական պայմանները

  •  ակրեդիտիվը կարող է թողարկվել հաճախորդի կողմից դեպոնացվող դրամական միջոցների հիման վրա կամ Բանկի կողմից հաճախորդի ակրեդիտիվային գործարքն իրականացնելու նպատակով սահմանված վարկային սահմանաչափի ներքո,
  •  Բանկը պայմանագրային հիմունքներով կարող է թողարկել ներմուծման ակրեդիտիվ Բանկի հաճախորդ հանդիսացող, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և տնտեսավարող սուբյեկտների անունից` հօգուտ այլ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտների, պետական հիմնարկների և ֆինանսական կառույցների,
  •  Բանկը թողարկում է ակրեդիտիվ ՀՀ դրամով և արտարժույթով,
  •  ակրեդիտիվի գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է 12 ամիս:

Հաճախակի տրվող հարցեր

1. Ինչով է տարբերվում փաստաթղթային ակրեդիտիվը բանկային երաշխիքից.
- Փաստաթղթային ակրեդիտիվը, ի տարբերություն բանկային երաշխիքի, հանդիսանում է վճարային գործիք: Դա նշանակում է, որ Բանկը, թողարկելով ակրեդիտիվ, անմիջականորեն իր վրա է վերցնում վճարման պարտավորությունը: Մինչդեռ, երաշխիքի տրամադրման դեպքում Բանկը պարտավորվում է վճարել բենեֆիցիարի կողմից պահանջված գումարը միայն պարտապանի կողմից իր վճարային պարտավորությունները չկատարելու դեպքում:
2. Արդյոք փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման դեպքում ներմուծվող ապրանքի դիմաց վճարվում է ապրանքը գնորդին հասնելուց հետո.
- Ակրեդիտիվի շրջանակներում վճարումն իրականացվում է պահանջվող փաստաթղթերի դիմաց, համաձայն ակրեդիտիվով սահմանված վճարման պայմանների (անմիջական վճարում, հետաձգված վճա-րում), և անկախ է ապրանքը փաստացի առաքման վայր հասնելուց:
3. Ինչպիսի փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել ակրեդիտիվի թողարկման համար.
- Փաստաթղթային ակրեդիտիվը թողարկվում է համաձայն հաճախորդի հրահանգների (դիմումի): Ուստի, ակրեդիտիվն անկախ է առուվաճառքի պայմանագրից, սակայն ակրեդիտիվի թողարկման նախապայման է հանդիսանում առուվաճառքի պայմանագրում փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով գործարքի վճարման պայմանի սահմանումը:

 

 

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցերը