Սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության քաղաքականություն

 

 Երկիր մոլորակի աշխարհագրական թաղանթը և, մասնավորապես կենսոլորտը, ինչպես հայտնի է մեզ, միակ նպաստավոր միջավայրն է, որտեղ ծագել և զարգանում է մարդկությունը: Բայց հենց մարդկությունն է, որ իր գործունեությամբ խախտում է այդ հավասարակշռությունը, աղտոտում է միջավայրը, դարձնում պակաս նպաստավոր, իսկ առանձին դեպքերում էլ աննպաստ և ուղղակիորեն մարդկանց կյանքի համար վտանգավոր:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ձգտելով նվազեցնել սոցիալական և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների ի հայտ գալու հնարավոր ռիսկերը, 2011 թվականի ապրիլ ամսին մշակեց և ներդրեց սոցիալական և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման համակարգ, որի շնորհիվ Բանկն արդեն արդյունավետ կառավարում է իր կողմից ֆինանսավորվող գործարքների հետևանքով բնության և մարդկության վրա հնարավոր բացասական ազդեցությունների ռիսկերը: Կառավարման այդ համակարգի ներդրման գործընթացում Բանկը համագործակցել է մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնք ամեն կերպ աջակցել են` փոխանցելով սոցիալական և շրջակա միջավայրի պահպանման լավագույն փորձն ու հմտությունները: Բանկի մի շարք աշխատակիցներ վերապատրաստվել են միջազգային ֆինանսական կազմակերպությունների համապատասխան որակավորված մասնագետների կողմից: 
Այսպիսով 2011 թվականի ապրիլ ամսվանից Բանկի կողմից ֆինանսավորվող ցանկացած գործունեություն, մինչև ֆինանսավորումը, մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում է և կատարվում է ռիսկի գնահատում, որը նշանակում է բնակչության առողջությանը, անվտանգությանը և բարեկեցությանը հասցվող վնասի գնահատում: 

Այդ առումով Բանկի հիմնական խնդիրներն են. 

  • ճիշտ գնահատել յուրաքանչյուր ֆինանսավորվող գործարքում առկա սոցիալական և շրջակա միջավայրի ռիսկերը.
  • չֆինանսավորել այնպիսի գործունեություններ, որոնք պարունակում են զգալի բացասական ազդեցության ռիսկեր. 

Ի լրումն վերոնշյալի, հարկ է նշել նաև, որ Բանկը նպաստում է այն ծրագրերին, որոնք ուղղված են սոցիալական և շրջակա միջավայրի պահպանմանը: Բանկը խրախուսում է իր հաճախորդներին էներգախնայողությանը միտված միջոցառումներ ձեռնարկելու հարցում և խթանում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումը: Ինչպես նաև Բանկը պատրաստ է կազմակերպել քննարկումներ հանրության հետ սոցիալական և շրջակա միջավայրի պահպանման հարցերի շուրջ: